26.07.2012

Աբրաքադաբրաից մինչև զոմբիները

* Source text URL: http://tjkdesign.com/articles/standard_accessibility_statement.asp



Մտքի ղեկավարում (ուղեղի լվացում)

Մտքի ղեկավարումը  նշանակում է ուրիշների մտքերի հաջող ղեկավարում առանց նրանց համաձայնության: Սովորաբար այդ տերմինն օգտագործվում է, եթե զոհը տեղի է տվել որոշ  քաղաքական, սոցիալական կամ կրոնական հայացքների ու դիրքորոշումների` ընդունելով հակառակ գաղափարներ: “Ուղեղի լվացում” տերմինը հաճախ ոչ ճշտորեն օգտագործվում է որպես պրոպագանդայով համոզել:
Մտքի ղեկավարման մասին  ճիշտ և սխալ պատկերացումները
Մտքի ղեկավարման մասին կան բազմաթիվ սխալ պատկերացումներ: Որոշ մարդիկ համարում են, որ մտքի ղեկավարումն իր մեջ ներառում է երեխաներին սոցիալական, կուլտուրական, բարոյական և անձնական ստանդարտներով դաստիարակելու ծնողների ջանքերը: Ոմանք մտածում են, որ մտքի ղեկավարումը կայանում է նրանում, երբ մարդու վարքը փոխելու նպատակով օգտագործվում են վարքագծի փոփոխության տեխնիկաները` լինի դա ինքնակարգապահության և ինքնաներշնչման կամ քննարկումների ու կոնսուլտացիաների միջոցով: Ուրիշներն էլ մտածում են, որ մտքի ղեկավարման օրինակներ են  գովազդը և սեռական գայթակղությունը: Ոմանք էլ նույնիսկ համարում են, որ կանանց բթացնող թմրադեղեր տալը և թմրադեղի ազդեցության տակ գտնվելու ընթացքում նրանցից օգտվելը համարվում է կանանց մտքի ղեկավարում: Որոշ մարդիկ մտքի ղեկավարում  են համարում, երբ զինվորական կամ բանտային աշխատակիցները օգտագործում են ստորացնող և անմարդկային հնարքներ` նորակոչիկներին կամ բանտարկյալներին որպես անհատ կոտրելու և նրանց ավելի հնազանդ դարձնելու համար: Որոշ մարդիկ էլ կարող են մտքի ղեկավարում համարել մարզիչների ու վարժությունների հրահանգիչների գործողությունները, երբ նրանք իրենց ենթականերին սպառնում են, ստորացնում, ֆիզիկապես պատժում կամ չափից շատ ֆիզիկական վարժություններով ֆիզիկապես հոգնեցնում են, որպեսզի կոտրեն նրանց անհատականությունները և կառուցեն թիմային ոգի կամ խմբային համախոհություն:
Կրոնական, հոգևոր կամ Նոր Դարի մարդկանց որոշ պոտենցիալ խմբերի հավաքագրողների որոշ մարտավարությունները կոչվում են մտքի ղեկավարման մարտավարություններ: Շատերը հավատում են, որ տեռորիստական հափշտակման զոհը, որը փոխվում է կամ համակիր է դառնում իր հափշտակողների գաղափարախոսությանը, զոհ է դարձել մտքի ղեկավարմանը (այսպես կոչված Ստոկհոլմի սինդրոմին): Նմանապես այն կինը, որը  մնում է բռնակալ ամուսնու հետ, հաճախ համարվում է մտքի ղեկավարման զոհ: Շատերը համարում են, որ գովազդներում կամ անհատական ձայնագրություններում Մուզակի ենթագիտակցական հաղորդագրությունները մտքի ղեկավարման ձև են: Շատերն էլ նաև հավատում են, որ լազերային զենքերի, իզոտրոպիկ մարտկոցների, ինֆրաձայների, ոչ-միջուկային էլեկտրամագնիսական իմպուլսային գեներատորնեի կամ բարձր հզորության միկրոալիքային ճառագայթիչների  օգտագործումը մարդկանց շփոթեցնելու կամ թուլացնելու նպատակով նույնպես մտքի ղեկավարում է: Շատերը համարում են, որ Կորեական պատերազմում չինացիների կողմից կիրառված “ուղեղի լվացման” տակտիկաները (տանջում, զգայազրկում և այլն), ինչպես նաև կախարդությունում զոմբիների ենթադրյալ ստեղծումը հանդիսանում են մտքի ղեկավարման փորձեր:
Ի վերջո, ոչ-ոք չի կասկածի, որ մտքի ղեկավարման մաքուր օրինակ է հանդիսանում մարդուն հիպնոսացնել կամ էլեկտրոնապես այնպես ծրագրավորել կարողանալը, որ նա կատարի հրամանները` չգիտակցելով, որ դուք ղեկավարում եք իրեն:

Տերմինի հստակեցում

Տերմինը այսպիսի բազմանշանակության մեջ համարյա անիմաստ է: Դրա նշանակության սահմանները նեղացնելու համար առաջին բանը, որ պետք է անել, այն է, որ հարկավոր է դուրս թողնել մտքի ղեկավարման այն օրինակները, որոնցում անձը ազատ է իր վարքագծի ընտրությունում: Ինքնակարգապահությամբ կամ ուրիշների օգնությամբ մարդու մտքերի և գործերի ղեկավարումը հետաքրքիր և կարևոր թեմա է, բայց դա նույնը չէ, ինչ-որ ուղեղի լվացումը կամ մարդկանց ծրագրավորելը առանց իրենց համաձայնության:
Վախի կամ ուժի օգտագործման միջոցով մարդկանց ղեկավարելը կամ նրանց ստիպելը կատարելու այն, ինչ դուք եք ուզում, որ նրանք անեն, չպետք է համարվի մտքի ղեկավարում: Ինկվիզիցիային չհաջողվեց գրավել իրենց զոհերի մտքերը: Հենց որ պատժի սպառնալիքը վերանում է, սպառնալիքից առաջացած համոզմունքներն էլ են վերանում: Դուք չեք ղեկավարի այն մարդու մտքերը, ով կփախչի ձեզանից, հենց որ դուք շրջվեք:
Թմրադեղերի միջոցով անօգնական դարձած կնոջը  բռնաբարելը – դա մտքի ղեկավարում չէ: Օգտագործելով հաճախականության գեներատորը մարդկանց մոտ գլխացավեր առաջացնելու կամ նրանց հակակողմնորոշելու համար – դա ևս նույնը չէ, ինչ որ նրանց ղեկավարելը: Միայն այն բանով, որ դուք կարող եք մարդկանց հետ անել ինչ որ ուզում եք, կամ նրանց դարձնել անընդունակ անելու այն, ինչ որ իրենք են ուզում, չի նշանակում  ղեկավարել նրանց մտքերը կամ գործերը: Մտքի ղեկավարման կարևոր բաղադրիչ է հանդիսանում այն, որ դա ընդգրկում է ուրիշին ղեկավարելը, ոչ թե նրանց միայն ղեկավարումից զրկելը կամ նրանց հետ այնպիսի բաներ կատարելը, որոնց դեմ անօգնական են:

Արձակագրությունը և մտքի ղեկավարումը

Մի քանի ավելի տարածված սխալ պատկերացումներ մտքի ղեկավարման մասին առաջացել են արձակ գրականությունում, ինչպես օրինակ “Մանչուրյան թեկնածուն” ֆիլմում: Այդ ֆիլմում մարդասպանը ծրագրավորված է. նա պետք է որպես հետ-հիպնոսային ազդակի պատասխան ռեակցիա, կատարի մարդասպանություն և հետագայում դա չհիշի: Այլ գրքեր կամ ֆիլմեր հիպնոսը ներկայացնում են որպես հզոր միջոց, որը թույլ է տալիս հիպնոսացնողին գեղեցիկ կնոջ հետ ունենալ սեռական հարաբերություն կամ նրան ծրագրավորել այնպես, որ նա դառնա ռոբոտանման սուրհանդակ, մարդասպան և այլն: Մի այսպիսի գրքում` “Քենդի Ժոնսի ղեկավարումը”, (Փլեյբոյ Պրեսս, 1976) Դոնալդ Բեյն, նույնիսկ պնդվում է, որ “հիմնված է ճիշտ փաստերի վրա”: Հիպնոսի օգտագործումը այսպիսի հզոր ձևերով մի փոքր ավելի է, քան երազներով ապրելը:
Մարդկանց վարքագիծը ղեկավարելու համար տարածված են նաև այլ երևակայական հորինվածքներ, որոնցից են էլեկտրական սարքերը, որոնք ընդգրկում են նաև ուղեղի իմպլանտանտները, և թմրադեղերը: Դրանք, անշուշտ, առաջ են եկել նրանից, որ ուղեղի վնասցածքը, հիպնոսը, թմրադեղերը կամ ուղեղի կամ նյարդային համակարգի էլեկտրական գրգռումը կարող են մտքերի, մարմնի շարժումների և վարքագծի վրա ունենալ պատճառահետևանքային ազդեցություններ: Այնուամենայնիվ ուղեղի քիմիական կամ էլեկտրական գրգռման հետևանքների մասին մարդու գիտելիքների պաշարն այնքան խղճուկ է, որ այսօրվա գիտության և տեխնոլոգիաների միջոցով հասնել մտքի ղեկավարմանը – դա  անիրատեսական երազանք է: Մենք կարող ենք կատարել կանխատեսելի բաներ, ինչպես օրինակ հատուկ առաջացնել հիշողության կորուստ կամ որևէ ցանկության արթնացում, բայց մենք չենք կարող դա կատարել անուղղակի կամ այնպիսի ձևերով, որոնցով կարելի լինի ղեկավարել մտքերի, շարժումների կամ գործողությունների մեծ զանգված: Անշուշտ հնարավոր է, որ ապագայում մարդը կարողանա ստեղծել քիմիական կամ էլեկտրական ազդակների ղեկավարման այնպիսի գործիք կամ ուղեղի իմպլանտ, որը թույլ կտա ղեկավարել մարդու մտքերը և գործողությունները: Այդպիսի գործիք ներկայումս գոյություն չունի և ոչ էլ կարող է գոյություն ունենալ նեյրոգիտության ներկա մակարդակի պայմաններում: (Այնուամենայնիվ Էմրոյ Համալսարանի երկու նյարդաբաններ՝ Դր. Ռոյ Բեքեյը և Դր. Ֆիլլիպ Քեննեդին, ստեղծել են ուղեղի էլեկտրական իմպլանտ, որը կարող է ակտիվացվել մտքերով և իր հերթին շարժել համակարգչի նշանացույցը՝ կուրսորը):

Կառավարությունն ու մտքի ղեկավարումը

Կա տարածված կարծիք, որ ԱՄՆ-ի կառավարությունն իր ռազմական ճյուղերի և գործակալությունների միջոցով, ինչպիսիք են ԿՀԿ-ն (CIA), օգտագործում է բազմաթիվ սարսափելի սարքեր ուղեղի խեղման համար: Արդեն նշվել են լազերային զենքերը, իզոտրոպիկ ռադիատորները, ինֆրաձայնային  ոչ-միջուկային էլեկտրամագնիսական իմպուլսային գեներատորները և բարձր հզորության միկրոալիքային էմիտորները: Հայտնի է, որ կառավարական գործակալությունները մարդկանց վրա փորձեր են կատարել մտքի ղեկավարման ուսումնասիրության նպատակով՝ վերջիններիս տեղեկացնելով կամ չտեղեկացնելով իրենց փորձի առարկայի մասին (Շեֆլին 1978): Այն մարդկանց պնդումներին, ովքեր հավատում են, որ եղել են “մտքի ղեկավարման” փորձերի ակամա զոհեր, չպետք է անլուրջ վերաբերվել որպես անհնար կամ նույնիսկ անհավանական: Հաշվի առնելով մեր ռազմական և հատուկ գործակալությունների բարոյազուրկ բնութագիրն ու անցյալ գործունեությունները, այդպիսի փորձերն անհավանական չեն: Ինչևիցէ, ուղեղի պրոցեսների խանգարմանն ուղղված փորձնական զենքերը չպետք է համարվեն որպես մտքի ղեկավարման զենքեր: Մարդուն քիմիկատներով կամ էլեկտրկան միջոցներով շփոթեցնելը, հակակողմնորոշելը կամ այլ կերպ թուլացնելը- դա մարդուն կառավարել չէ: Մարդուն ինքնաղեկավարումից զրկելը նույնը չէ, ինչ որ մարդուն ղեկավարելը: Դա հաստատ է, որ մեր կառավարությունը անզոր է ղեկավարելու ինչ-որ մեկի միտքը, չնայած պարզ է, որ շատ կառավարություններում բազմաթիվ մարդիկ տենչում են ունենալ այսպիսի հզոր միջոց:
Ամեն դեպքում, որոշ մարդկանց այն պնդումներ, որ հավատում են իբր իրենք ղեկավարվել են այդ էլեկտրոսարքերով, թվում են ոչ ճշմարտանման: Օրինակ, այն կարծիքը, որ ռադիոալիքները կամ միկրոալիքները կարող են օգտագործվել, որպեսզի մարդը լսի իրեն փոխանցված ձայները, քիչ հավանական է: Մենք գիտենք, որ ռադիոալիքները և մյուս բոլոր հաճախականության ալիքները անընդհատ անցնում են մեր մարմնի միջով: Սակայն օդի միջով փոխանցված ձայներն ու պատկերները լսելու կամ տեսնելու համար պետք է միացնենք հեռուստացույցը կամ ռադիոն, որովհետև  նրանք ունեն ընդունիչներ, որոնք ձևափոխում են ալիքներն այնպես, որ մենք կարող ենք լսել և տեսնել: Լսողության և տեսողության մասին մեր իմացածի շրջանակներում շատ անհավանական է, որ պարզապես ուղեղին ուղարկված ազդանշանը կարող է “թարգմանվել” ձայնի կամ պատկերի և մարդը լսի կամ տեսնի ինչ-որ բան: Հնարավոր է, որ ապագայում քիմիական  կամ էլեկտրական սարքերով գրգռելով ինչ-որ նյարդային հանգույց, մարդու գիտակցության մեջ առաջանա փորձ կատարողի կողմից ընտրված հատուկ ձայնը կամ պատկերը: Բայց դա հնարավոր չէ այսօր: Նույնիսկ եթե այն հնարավոր լիներ, դրանից անհրաժեշտորեն չէր հետևի, որ մարդը կհնազանդվեր օրինակ սպանել նախագահին միայն այն պատճառով, որ նա լսել էր ձայն, որն իրեն ասել էր այդպես անել:  Ձայներ լսելը մի բան է; իրեն հարկադրված զգալը դրանց ենթարկվելուն ամբողջովին այլ բան է: Ոչ բոլորն ունեն Աբրահամի հավատը:
Թվում է որոշ զուգահեռներ կան այն մարդկանց միջև, ովքեր մտածում են, որ իրենք հափշտակվել են այլմոլորակայինների կողմից և նրանց միջև, ովքեր մտածում են, որ իրենց մտքերը կառավարվել են ԿՀԿ-ի (CIA) ներդիրների կողմից: Համենայն դեպս, առայժմ “միտքը-ղեկավարված խումբը” դեռ չի կարողացել գտնել իր Ջոն Մաքին` Հարվարդի հոգեբույժին, որը պնդում է, թե այլմոլորակայինների կողմից հափշտակումների պնդումների ամենալավ բացատրությունը դա այն է, որ նրանք հիմնված են ոչ թե երևակայությունների կամ ցնորքների, այլ այլմոլարակայինների կողմից կատարված հափշտակումների փորձերի վրա: Միտքը ղեկավարվածների ընդհանուր գանգատն այն է, որ նրանք չեն կարողանում գտնել որևէ բժիշկ, ով նրանց լուրջ ընդունի: Այսինքն, նրանք ասում են, որ չեն կարողանում գտնել մի այնպիսի բժիշկ, ով իրենց օգնի ապացուցելու, որ իրենք ղեկավարվել են կառավարության կողմից, այլ ոչ թե դա միայն իրենց ցնորքների հետևանքն է: Այսպիսով հավանական է, որ մի օր էլ“միտքը-ղեկավարված ԿՀԿ (CIA) զոմբիները” կմեղադրեն բժիշկներին իրենց ցնորքներ ունենալու մեջ, ինչպիսին ունեն այլմոլորակայիններից հափշտակվածները, քանի դեռ նրանք պնդում են, որ իրենք չեն կարողանում գտնել բժշկի, որ իրենց ցնորքները լուրջ ընդունի: Փաստորեն նրանցից շատերը ՝որպես խաբված մարդիկ, համոզված են, որ նման վերաբերմունքը  իրենց նկատմամբ կատարված մտքի ղեկավարման փորձերը ծածկելու դավադրության մաս է: Ոմանք նույնիսկ հավատում են, որ Կեղծ Հիշողության Սինդրոմը նույնպես դավադրություն է: Նրանք պնդում են, որ կեղծ հիշողության գաղափարը նպատակ ունի այնպես անելու, որ  մարդիկ լուրջ չվերաբերվեն այն մարդկանց պնդումներին, ովքեր հիշում են, որ իրենք անցյալում եղել են մտքի ղեկավարման փորձերի զոհեր: Դժվար է հավատալ, որ նրանք չեն կարղանում գտնել բազմաթիվ անիրազեկ Նոր Դարի բժիշկների, ովքեր պատրաստ են այդ պնդումները լրջորեն ընդունելու, եթե ոչ պատրաստ պնդելու, որ իրենք ևս եղել են այսպիսի փորձերի զոհեր:

Ենթագիտակցական գովազդ և մտքի ղեկավարում

Մտքի ղեկավարման մասին թեթև նոտայով, առավել ճշմարտանման առասպելներից մեկը դա այն կարծիքն է, որ ենթագիտակցական հաղորդագրությունները վարքագիծը վերահսկող արդյունավետ միջոցներ են: Չնայած ենթագիտակցական հաղորդագրության հզորության  նկատմամբ լայն տարածում ունեցող հավատին, դրա մեծ արդյունավետությունը հիմնված է պատմությունների և հետաքրքրասերների ոչ գիտական ուսումնասիրությունների վրա: Դուք չեք գտնի գիտական աշխատություններ այն մասին,  որ անլսելի հաղորդագրություններով, ինչպես օրինակ “մի գողացիր” կամ “դա դրեք տեղը” Մուզակում էականորեն կնվազեցվի ծառայողների և հաճախորդների կողմից իրականացվող գողությունները, կամ որ ենթագիտակցական հաղորդագրությունները կավելացնեն թեթև ուտեստների վաճառքը  կինոթատրոններում:

Պառակտումն ու ճնշումը մտքի ղեկավարում չեն

Վերոհիշյալ նկատառումներից պարզ է դառնում, որ այն բոլորը, ինչ շատերը կարծում են, որ մտքի վերահսկողություն է, ավելի ճիշտ կլինի նկարագրել ինչ-որ ուրիշ տերմինով, ինչպես օրինակ վարքագծի փոփոխություն, մտքի խափանում, ուղեղի վնասում, վարքագծի մանիպուլյացիա, մտքի հարկադրում կամ էլեկտրոնային ճնշում: Դեռևս մարդիկ ռոբոտներ չեն կարող դառնալ հիպնոսի կամ ուղեղի ներդիրների միջոցով: Ավելին, պետք է պարզ լինի, որ նեյրո-գիտությունների ներկայումս  ունեցած տվյալների պայմաններում հավանական է, որ մտքի վերահսկողության արդյունավետ տեխնիկաները  կլինեն կոպիտ և ոչ կատարելապես հասկանալի մեխանիզմներով: 
Այսպիսով, մենք չենք կիրառի “մտքի ղեկավարում” տերմինը այն դեպքերի համար երբ անձը հաջողությամբ ղեկավարում է մյուսի մտքերն ու գործողությունները առանց նրա համաձայնության: Մեր սկզբնական օրինակների թիվը, թե ինչն են մարդիկ համարում մտքի վերահսկողություն, պակաում է հինգ օրինակով. կրոնական, հոգևոր և այլ Նոր Դարի մադկանց հավաքագրողների մարտավարությունը; իրենց կանանց ղեկավարող ամուսինների մարտավարությունը; Ստոքհոլմի սինդրոմը; Կորեական Պատերազմի ժամանակ ամերիկացի բանտարկյալների նկատմամբ  չինացիների կիրառած այսպես կոչված ուղեղի լվացման մարտավարությունը և զոմբիների հնարովի ստեղծումը կախարդության մեջ: Ինչևիցէ, վերջինը այնուամենայնիվ հիմնված է կամ կեղծիքի, կամ էլ թմրադեղերի օգտագործման վրա, որը մարդկանց դարձնում է անօգնական:
Այն անձնավորությունը, ով վախեցած է իր ամուսնուց կամ սիրածից, ոչ թե  մտքի ղեկավարման զոհ է, այլ վախի և բռնության: Ներկայումս  դեռ կան դեպքեր,  երբ վիրավորված  անձը անկեղծորեն սիրում և հավատում է իր զույգին և նրան թվում է, որ վիրավորողը փոխադարձում է այդ սերը: Զոհը մնում է`կրկին ծեծվելով հերթական ծեծից հետո, ոչ թե նրա համար, որ վախենում է այն բանից, թե ինչ կանի վիրավորողը, եթե ինքն հեռանա, այլ նրա համար, որ պարզապես նա չի ցանկանում հեռանալ: Միգուցե: Բայց գուցե զոհը չի հեռանում, քանի որ նա կատարելապես կախված է վիրավորողից: Վիրավորվածը չի մնում միայն նրա համար, որ ոչ մի տեղ չունի գնալու: Վիրավորվածը վիրավորողի կարիքն ունի և մնում է, քանի որ նա կատարելապես կախման մեջ է վիրավորողից: Եթե մարդը կարողանա նվաստացնել կնոջը` նրան հասցնելով կատարյալ կախվածության աստիճանի, ապա կարող է ղեկավարել նրան: Բայց ճի՞շտ է ասել, որ նա ղեկավարում է նրա միտքը:  Եթե կա այդպիսի բան, ապա ի՞նչ աստիճանով  կարող է վիրավորողը խլել իր զոհի ազատ կամքը: Նա կարող է նվազեցնել զոհի հնարավորությունները այնպես, որ իր հետ մնալը դառնա նրա իմացած միակ ընտրությունը: Ինչքա՞ն է հավանականությունը, որ այդպես կպատահի: Ավելի հավանական է թվում, որ զոհն ինքն է նվազեցնում իր սեփական ընտրությունները` տրամաբանական դարձնելով ամուսնու վարքագիծը և ինքն իրեն համոզելով,  որ իրավիճակը կլավանա և որ իրենք իրականում այնքան էլ վատը չեն: Եթե ամուսինը կնոջը իր մոտ պահելու համար այլևս չի օգտագործում կոպիտ ուժ կամ բռնության, ապա կինը շարունակում է մնալ  գուցե նախկինում իր կատարած ընտրության պատճառով` ամեն անգամ, երբ նրան վիրավորել են, նա ընտրել է մնալը: Ամուսինը կարող է օգտագործել ինչպես քաղցր, այնպես էլ գայթակղի բառեր, որպեսզի թույլ չտա նրան հեռանալ, չնայած ինչ-որ ժամանակ նրանց փոխադարձ հարաբերությունների ընթացքում կինը ազատ եղել է նրան մերժելու: Այսպիսով նրանց հարաբերությունը հիմնված է վախի և բռնության վրա, և մտքի ղեկավարումը այստեղ դեր չի խաղում: Այն կինը, որը գտնվում է վիրավորողի հմայքի տակ, մտքի վերահսկողության զոհ չէ: Նա զոհ է իր սեփական վատ ընտրության: Սակայն դա չի նշանակում, որ մենք չպետք է կարեկցենք նրան այդ վիճակում կամ օգնության ձեռք մեկնենք, երբ նա դա կխնդրի: Նա այդ վիճակում է իր վատ բախտի և մի շարք վատ ընտրությունների պատճառով, այլ ոչ թե մտքի ղեկավարման, հաշվի առնելով, անշուշտ, որ այդ կինը մտավոր հետամնաց չէ: Տվյալ դեպքում դրա պատճառը բնավորությունն է և ոչ թե ամուսինը, որը սահմանափակել է ազատ ընտրություն կատարելու նրա ընդունակությունը: Վիրավորողը միայն օգուտ է քաղում իրավիճակից, բայց նա չի ստեղծում այդ իրավիճակը:

ok ok